Եվրոպական միությունը լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությանը՝ արձանագրում է ԵՄ հայտարարությունը: «Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախ և առաջ բնակչության համար», - շեշտում է Եվրամիությունը:
Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքէջում, խոր մտահոգություն է արտահայտված շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումներով և զոհերի մեծ թվի պահպանմամբ: ԵՄ-ն դատապարտում է ուժի կիրառումը և կոչ անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր գործողություններից: «Այդ նպատակով կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց կնքած հրադադարը, վերջ տալ շփման գծի հակառակ կողմը ներխուժումներին և զսպվածություն պահպանել ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ տեղում», - ասված է փաստաթղթում:
Կողմերին կոչ անելով հավելյալ ջանքեր և միջոցներ գործադրել զինադադարի և խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ, ԵՄ-ն վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` ԼՂ հակամարտության քաղաքական, արդարացի և տևական կարգավորմանը հասնելու ջանքերում, որը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար: «Մենք հրավիրում ենք կողմերին կառուցողական երկխոսության ուղի և խրախուսում նրանց` առավելագույն օգուտը քաղել համանախագահների ջանքերից», - հայտարարում է ԵՄ-ն՝ վերահաստատելով աջակցությունը առանց բացառության բոլոր սկզբունքներին` առաջարկված Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից 2009-2013 թթ. հայտարարություններում:
«Ամենաբարձր մակարդակով երկխոսության վերականգնման համատեքստում աջակցում ենք անցած նոյեմբերին համանախագահների` կողմերին արված կոչին` զբաղվելու դեպի խաղաղության համաձայնագիր տանող կառուցողական և բարեխիղճ բանակցություններով: Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման համար` վստահության միջոցների զարգացմամբ և ստեղծմամբ` հաջակցություն Մինսկի խմբի և նրա հետ լիակատար համագործակցությամբ», - ասված է հայտարարությունում:
Եվրամիությունը նաև ողջունում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի և նրա թիմի երբեմն բարդ պայմաններում կատարվող աշխատանքը և կարևորում շփման գծում հրադադարի ռեժիմի դիտարկման շարունակումը առանց խոչընդոտների: